Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցության տասնյակ ներկայացուցիչներ երեկ երեկոյան բողոքի ակցիա են անցկացրել «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու տան առջև՝ կապված էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման հետ։
Ակցիայի մասնակիցները բողոքել են Վրաստանի կառավարության էներգետիկ քաղաքականության դեմ և պահանջել են, որ «Վրացական երազանքը» կատարի նախընտրական խոստումները։ Նրանցից մեկը լրագրողներին հայտնել է, որ իշխանություններն ի սկզբանե խոստացել էին կրկնակի նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, մինչդեռ այն աճում է։
Ակտիվիստը չի բացառել, որ էլեկտրաէներգիայի բարձրացումից հետո կարող է բարձրանալ նաև ջրի ու գազի սակագինը. «Մենք վախենում ենք յուրաքանչյուր նոր օրից»։ Կուսակցության թբիլիսյան մասնաճյուղի ղեկավար Նիկա Մելիան հայտարարել է, որ ներկայիս իշխանությունները սոցիալապես անապահովների բազայից դուրս են թողել տասնյակ հազարավոր մարդկանց՝ նրանց զրկելով արտոնություններից։
Նախորդ հինգշաբթի Վրաստանի Ազգային կարգավորիչ հանձնաժողովը որոշում է ընդունել լարիի փոխարժեքի պատճառով օգոստոսի 1-ից Energo-Pro Georgia ընկերության (չեխական Energo-Pro ընկերության դուստր կառույց) բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սակագինը միջին հաշվով ավելացնել 32.3 տոկոսով։









































