Կուբայում ընդունվել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման նոր ծրագիր: Կուբայի իշխանության ներկայացուցիչները նշել են, որ Կուբայի կոմունիստական կուսակցության 6-րդ համագումարը հանձնարարել է երկրի պատկան մարմիններին մշակել համապատասխան օրենքներ և հետևել բարեփոխումների իրականացմանը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Առաջնային նպատակների մեջ են այսուհետ լինելու երկրի տնտեսական զարգացումը, կենսամակարդակի բարելավումը և «սոցիալիզմի անշրջելիությունը»: Նրանք նաև մանրամասնել են, որ կուսակցությունն աջակցելու է ներդրումներին Կուբայի տնտեսության մեջ ցանկացած տեսքով, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր զբաղվելու են «ինքնուրույն աշխատանքով», այսինքն՝ խրախուսվելու է մասնավոր ձեռնարկատիրությունը:
Թույլատրվելու է նաև գնել և վաճառել անշարժ գույք: Մինչ այդ բնակչությունն իրավունք ուներ միայն փոխանցել անշարժ գույքը կամ փոխանակել այն, սակայն մեխանիզմները դրա համար շատ բարդ էին: Երկրի նախագահ Ռաուլ Կաստրոն ասել է, որ, այդուհանդերձ, լուրջ պայքար է գնալու, որպեսզի մասնավոր սեփականությունը չկենտրոնանա մեկ մարդու ձեռքում:









































