Որևէ խնդիր չկա, եթե ՀՅԴ-ն ընտրություններին գնա առանձին: Քիչ առաջ Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ընթացքում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ կա քաղաքական հացադուլ, որը միանշանակ պայքարի գործոն, խաղաղ միջոց է, հացադուլ, որը փոխարինել է Բաղրամյան 26-ի ուղղությանը, ինքնազոհողության այս ակտը փոխարինեց դեպի Բաղրամյան 26 շարժումը:
«Քաղաքական գործխընթացն այլևս իշխանությանը չի ենթարկվում: Լուծման ուղիներ են փնտրում, ճիշտ են անում, կա համապետական ճգնաժամ և դա անհրաժեշտ է լուծել: Հույս ունեմ, որ գործող նախագահն իր շատ թիմակիցներին չի լսի և կհասկանա, որ պատասխանատվությունը բացառապես իրենն է:
ՀՀ երրորդ և չորրորդ նախագահների հանդիպումից հետո պետք է փորձեն լուծման իրական առաջարկներ ներկայացնել: Ճգնաժամը համապետական է, լուծումը ևս այդպիսին պետք է լինի՝ համակարգային և համապետական: Ինչպիսին կլինի դա, կտեսնենք, երբ այդ առաջարկն իսկապես լինի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ շարունակելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին հանդիպելու որևէ արձագանք դեռևս չկա:
Անդրադառնալով երեկ ՀՀ և ՌԴ գործող նախագահների հանդիպմանը և Վլադիմիր Պուտինի Սարգսյանին ուղղված շնորհավորանքին՝ ասաց, որ Րաֆֆի Հովհանիսյանի հորդորներն ուղղված Պուտինին՝ հարգել ՀՀ ժողովրդի ընտրությունն անտեսվում են, որովհետև կա Եվրասիական միություն մտնելու, ազատագրված տարածքների զիջման խնդիր, Հայաստանից միակողմանի զիջումների խնդիր:
Խոսելով մայիսյան ընտրություններից և «Ժառանգություն»-ՀՅԴ հնարավոր միասնական ցուցակից՝ ասաց, որ եթե իրենց դաշնակցական գործընկերներն առանձին գնան այդ ընտրություններին, որևէ խնդիր չի առաջանա: « Կարող են մասնակցել առանձին ցուցակով Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ: Բնականաբար, «Ժառանգություն»-ը կողմ է լայն ֆորմատին, այլևս «Ժառանգության» հարց էլ չկա, սա համազգային պայքար է: Այն ցուցակը, որը մասնակցելու է ավագանու ընտրություններին, եթե այդպիսի որոշում վերջնական արդյունքում կայացվի, դա պետք է ներառի այս համազգային պայքարը»,- մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































