Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները նոր հարձակումներ են գործել Վանի ու Էրզրումի նահանգներում։ PKK-ականները երկարափող զենքերից կրակել են Վանի նահանգի Արճեշի շրջանի ղեկավարության շենքի մոտ պարեկություն կատարող ոստիկանների վրա։
Արդյունքում թեթևակի վիրավորվել է երկու ոստիկան։ Միջադեպը գրանցվել է ժամը 01.00-ի մոտ։ Հարձակումից հետո անվտանգության ուժերը որոնողական գործողություններ են սկսել տարածաշրջանում։
PKK-ի զինյալների մյուս հարձակումը գրանցվել է Էրզրումի նահանգի Թեքման շրջանում։ PKK-ականները հրկիզել են Էրզրում-Չաթ ավտոճանապարհն ասֆալտապատող 7 մեքենա։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 02.00-ի մոտ։ Բացի այդ, նրանք առևանգել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը հրկիզել են, իսկ մյուսով հեռացել դեպքի վայրից։ Միջադեպից հետո դեպքի վայրում հայտնվել են Ժանդարմերիայի զինծառայողները, որոնք սկսել են զբաղվել PKK-ի զինյալների որոնմամբ։









































