Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին այցելել է երկրի արևմուտքում գտնվող Քուրդիստան նահանգ, որտեղ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա հավաքել է քվեների 72 տոկոսը։
Անդրադառնալով իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրին՝ Ռուհանին հայտարարել է, որ աշխարհի անգամ ամենաբարդ քաղաքական խնդիրները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով։ Իրանի նախագահը ընդգծել է, որ տարածաշրջանի ու աշխարհի մյուս խնդիրներն էլ կարելի է կարգավորել բանակցային ճանապարհով։
«Քանի դեռ բոլոր գերտերությունները պնդում էին, որ Իրանն իրավունք չունի օգտագործել միջուկային էներգիա, Իրանի ժողովուրդը 12 տարի դիմակայեց այդ ճնշմանը և ապացուցեց իր իրավունքը։ Այսօր՝ 12 տարի անց, մենք վայելում ենք բոլոր իրանցիների հաղթանակը»,- ասել է նա։
Ռուհանին այդ հաղթանակում կարևորել է նաև իրանցի փորձառու դիվանագետների ջանքերը։









































