Իրաքցի քրդերը ավելի ու ավելի հաճախ են նայում Թուրքիայի և Արևմուտքի կողմն ու երազում առանց Իրաքի իրենց ապագայի մասին: Այս մասին հայտնում է արաբական Al-Sharq Al-Awsat պարբերականը: Մասնավոր դպրոցներում, որոնք նախատեսված են քրդական էլիտայի համար, երեխաներն առաջին հերթին սովորում են թուրքերեն ու անգլերեն, հետո միայն արաբերեն:
Համալսարանների ուսանողները մտածում են Եվրոպայի, այլ ոչ թե Բաղդադի աշխատատեղերի մասին: Քուրդ գործարարները հայտնում են, որ նախընտրում են իրաքյան Քրդստանի սահմաններից դուրս չաշխատել, քանի որ «արաբական» Իրաքը անկայուն է և վտանգավոր: Քրդերն իրենց ուշադրությունը կենտրոնացնում են Թուրքիայի և Արևմուտքի վրա և արհամարհում իրենց երկրի այլ հատվածները: Քուրդ առաջնորդներն այժմ հայտարարում են, որ ցանկանում են մնալ Իրաքի կազմում, սակայն միանգամայն հնարավոր է, որ նման դիրքորոշումը կապված է նավթահանքերի շուրջ վեճերի հետ: Դրանք քրդերը ցանկանում են իրենց վերահսկողության տակ վերցնել Իրաքից անջատվելուց առաջ:
Քրդստանի տարածաշրջանային կառավարության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Ֆալահ Մուստաֆան հայտնել է, որ Քրդստանի և Իրաքի հարաբերությունները սուրբ ամուսնություն չեն, որ հավերժ տևեն: Քուրդ երիտասարդությունը, որը ներկայացված չէ Բաղդադի պետական պաշտոններում և չունի պետության կառավարման վրա ազդեցության լծակներ, ձգտում է հնարավորինս շուտ առանձնանալ Իրաքից: 5.3 մլն բնակչություն ունեցող Իրաքյան Քրդստանի բնակչության ավելի քան կեսը 1991 թվականից հետո ծնվածներն են: Դա այն ժամանակ էր, երբ Արևմուտքի կողմից սահմանվել էր «ոչ թռիչքային գոտի»՝ հնարավորություն տալով քրդերին առաջին անգամ պաշտպանել տարածաշրջանը Սադամ Հուսեյնից:
Քրդստանը վերջին տասնամյակում զգալի փոփոխությունների է ենթարկվել: Մայրաքաղաք Էրբիլում այժմ վեր են խոյանում երկնաքերերն ու 5-աստղանի հյուրանոցները:
Քուրդ պաշտոնյաները միաձայն հայտարարում են, որ ապագայում Քրդստանի անջատումը Իրաքից անխուսափելի է: Քրդերը ծրագրում են սեփական անկախ պետություն ստեղծել, որը Իրաքյան Քրդստանից բացի՝ կընդգրկի նաև Սիրիայի, Թուրքիայի և Իրանի տարածքները: Ըստ գնահատականների՝ այդ երկրում կբնակվի մոտ 25 մլն մարդ:









































