Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը հանդես է եկել Ժողովրդավարության ազգային ինստիտուտի պաշտպանությամբ (NDI), որն օրեր առաջ մեղադրվել էր Ադրբեջանում «հեղափոխություն» նախապատրաստելու մեջ, հաղորդում է Contact.az-ը:
Պատասխանելով Ադրբեջանում «Երկու միլիոն դոլար «ֆեյսբուքյան հեղափոխության համար»» հոդվածին, որն օրեր առաջ հրապարակվել էր Haqqin.az ադրբեջանական ընդդիմադիր կայքում, դեսպանատունը հայտարարել է, որ այդ մեղադրանքներն «անհիմն են»:
Նման կերպ այդ տեղեկատվութանն արձագանքել է նաև NDI Բաքվի ներկայացուցչության ղեկավար Ալեքս Գրիգորևսը:
«NDI-ը չի աջակցում որևէ կուսակցության, որևէ ուժի, լինի դա իշխանության կողմ, թե դեմ»,- ասել է նա:
«Երկու միլիոն դոլար «ֆեյսբուքյան հեղափոխության համար»» հոդվածում նշվում է, որ Ալեքս Գրիգորևսը «հեղափոխության արտահանողն է»: Հոդվածի հեղինակը NDI-ի հետ է կապել նաև կիրակի օրը Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիան ադրբեջանական բանակում զինվորների մահվան դեմ: Ակցիան կազմակերպվել էր Facebook-ի միջոցով: Հոդվածում նշվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանում գտնվող Գրիգորևսը բանկային հաշիվներից հանել է երկու միլիոն դոլար: Գումարներն իբրև թե հանվել են «ընդդիմադիր ցույցերի նախօրեին»:
Ժողովրդավարության ազգային ինստիտուտը ստեղծվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից` զարգացող երկրներում ժողովրդավարությունը առաջ տանելու համար:








































