Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հուլիսի 24-ի երեկոյան, ժամը 19-ից սկսած՝ հակառակորդը կրկին շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը, հատկապես Արցախի սահմանին և Տավուշի մարզում: Կրակոցները շարունակվել են ողջ գիշեր: Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնել էր, որ կրակել են ինչպես մեծ տրամաչափի հրաձգային զենքերից, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետներից: Ընդհանուր առմամբ, խախտումների քանակը գերազանցել է 160-ը, հայկական զինուժի ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդին, պատճառել կորուստներ ու վնասներ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նկատեց, որ հակառակորդը ոչնչի չի կարող հասնել, խուճապ սահմանամերձ գյուղերում չի եղել, չի լինելու. «Մենք 30 տարի այս վիճակում ենք, Էնքան կրակեն՝ մինչև իրանք հոգնեն, մեզ կրակոցներով չեն ընկճի»,- պնդեց գյուղապետը՝ վստահեցնելով, որ գյուղատնտեսական աշխատանքները չեն դադարեցնում, հարկ եղած դեպքում զգուշանում են, բայց չեն վախենում. «Տուն չկա, որ այս 30 տարիների ընթացքում փամփուշտ մտած չլինի, բայց միևնույն է՝ գյուղացին կառչած է իր հողին, զինվորի թիկունքին է»:
Սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս վստահեցրեց, որ սահմանամերձ գյուղերում խուճապ չկա, հակառակորդի վարքագիծը կանխատեսելի է, մեր բանակը տիրապետում է իրավիճակին՝ լռեցնելով հակառակորդին: «Սովորական մեր կյանքով ապրում ենք»,- եզրափակեց նա: