Հայաստանում «Գելլափ» ընկերությունը հրապարակել է սոցհարցման տվյալ, ըստ որի՝ Հայաստանի հանրության 46 տոկոսը անհրաժեշտ է համարում սահմանադրական բարեփոխումները:
Թե որքանով են հավաստի այդ տվյալները՝ թողնենք հարցումն իրականացնողների մասնագիտական բարեխղճությանը: Սակայն հարկ է արձանագրել, որ նմանօրինակ տվյալների գնահատման առումով հասարակությունը Հայաստանում վաղուց ի վեր առաջնորդվում է արդեն ոչ թե հարցումն իրականացնողների, այլ ընդհանրապես սոցիոլոգիան Հայաստանում վարկաբեկողների հանդեպ վերաբերմունքով:
Բանն այն է, որ անցյալ երկու տասնամյակների ընթացքում իշխանական քմահաճույքից և քաղաքական կոնյունկտուրայից ելնելով՝ Հայաստանում որոշ ահավոր սոցիոլոգներ այնպես են ապականել այդ ինստիտուտը, որ հանրությունն այլևս վստահություն չունի ընդհանրապես հրապարակվող որևէ տվյալի հանդեպ: Սակայն սոցիոլոգիական հրապարակումները առաջիկայում, այնուամենայնիվ, կավելանան սահմանադրական գործընթացի ծավալմանը զուգահեռ: Միևնույն ժամանակ, մենք երևի թե այդպես էլ չստանանք հանրության վերաբերմունքի իրական սոցիոլոգիական պատկերը, քանի որ իսկապես շատ դժվար է հավատալ հրապարակվող որևէ թվի, միաժամանակ առանց սոցիոլոգիայի էլ շատ դժվար է հասարակական տրամադրություն հասկանալ:
Եվ ուրեմն Հայաստանում այս իմաստով առկա է մի հսկայական վակուում՝ այն դեպքում, երբ սոցիոլոգիական պատկերները չափազանց կարևոր ելակետեր են և քաղաքական, և ընդհանրապես որևէ գործունեություն ծավալելու, որևէ երևույթ վերլուծելու, հասկանալու համար:
Ահա այս տեսանկյունից, օրինակ, այսօր շատ ավելի կարևոր է ոչ թե սահմանադրական բարեփոխումների կողմնակիցների տոկոսը, այլ, օրինակ, Բաղրամյանի շարժման կառուցվածքը: Սոցիոլոգիան հենց այստեղ ծառայություն ունի հանրությանը մատուցելու՝ իրականացնելով տարատեսակ սոցիոլոգիական հարցումներ և մատուցելով պատկերը, որպեսզի հասարակությունը, շահագրգիռ մասնագիտական խմբերը կարողանան մանրամասն, հանգամանալից վերլուծել Հայաստանի հասարակական-քաղաքական պայքարում արձանագրված այդ՝ ինչ-որ իմաստով նախադեպը չունեցող դրվագը, որը շատ խորը հետք թողեց հանրային գիտակցության վրա:
Հայաստանի հասարակության համար շատ ավելի կարևոր է դա, քան իշխանության նախաձեռնած սահմանադրական կեղծ օրակարգի հանրայնացմանը կամա, թե ակամա նպաստող սոցիոլոգիական պատկերների կազմումը:
Հասարակական շահը Բաղրամյանում է մնացել, ոչ թե սահմանադրական բարեփոխումների նախագծում: Հասարակությանը պետք է տեր կանգնել իր իսկ նախաձեռնած օրակարգին, գտնել դրա շարունակությունը, ոչ թե հանձնվել իշխանական օրակարգերին, որոնց տակ իրականում հասունանում են ընդամենը հասարակության հաշվին կնքվելիք հերթական ներքաղաքական և ներիշխանական գործարքները:









































