Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում նոր մարտավարության անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը։
«Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում Սիրիայում՝ հասունացել է նոր քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Մենք թևակոխել ենք ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլ։ Մենք տրամադրված ենք գործել վճռականորեն և ընդունել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ազգային անվտանգության պաշտպանության համար։
Թուրքիայի կառավարությունը տարբերություն չի տեսնում ԴԱԻՇ-ից, «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունից (PKK), Հեղափոխական-ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատից (DHKP/C) և ահաբեկչական այլ կազմակերպություններից բխող սպառնալիքների միջև։ Մեզ համար միևնույն է, թե ինչպես են կոչվում դրանք. բոլորն էլ մեզ համար ահաբեկիչներ են։ Մենք Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույց ենք ունեցել և հաստատել ենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում մեր վճռականությունը։ Մեզ համար ԴԱԻՇ-ն ահաբեկչական կազմակերպություն է»,- հայտարարել է Էրդողանը։











































