Այսօր «Նաիրիտ» գործարանի մոտ 400 աշխատակիցներ ստացել են իրենց տարիներով չվճարված աշխատավարձը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ովքեր հուլիսի 16-17-ին առաջինն էին ստորագրել դիմում-համաձայնագրերը, որ աշխատավարձ ստանալուց հետո որևէ պահանջ այլևս «Նաիրիտ»-ից չեն ունենա, արդեն իսկ այսօր ստացել են իրենց աշխատավարձերը: «Այսօր աշխատավարձ ստացածները համաձայնագրերը ստորագրած առաջին խմբում էին: Պայմանագրով նախատեսվում էր, որ ստորագրումից հետո 7-օրյա ժամկետում աշխատավարձը կփոխանցվի նրանց հաշվեհամարին: Ու այդպես էլ եղել է. երեկ լրացել էր 7-րդ օրը, ու այսօր պետք է վճարվեին»,- ասաց Անուշ Հարությունյանը:
Վերջինս նկատեց, որ հաջորդ շաբաթ էլ նաիրիտցիների հաջորդ խումբը, ըստ պայմանավորվածության, կստանա իր աշխատավարձերը: «Հուսով ենք, որ որևէ պայմանավորվածություն չի խախտվի, և մեր կասկածները չեն հիմնավորվի, որ այս անգամ էլ փորձ կարվի խաբել նաիրիտցիներին: Այլապես կրկին հավաքվելու ենք կառավարության շենքի մոտ»,- եզրափակեց Հարությունյանը: