Ամերիկյան Starbucks-ը մեծացրել է շահույթն ու եկամուտը երրորդ ֆինանսական եռամսյակում՝ այն հասցնելով ռեկորդային մակարդակի։ Դա տեղի է ունեցել այցելությունների աճի շնորհիվ։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ընկերության մամլո հաղորդագրությանը։
Հունիսի 28-ին ավարտված եռամսյակի արդյունքներով զուտ շահույթը աճել է 22.3 տոկոսով և կազմել 626.7 մլն դոլար։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 512.6 մլն դոլարի արդյունք։
Եկամուտն աճել է 17.5 տոկոսով՝ հասնելով 4.88 մլրդ դոլարի՝ շնորհիվ Starbucks Japan-ի գնման և ռեստորանների բացման։ Անցած եռամսյակում Starbucks-ի սրճարանների թիվը մեծացել է 431-ով։
Starbucks-ի բաժնետոմսերի արժեքը հինգշաբթի թանկացել է 3.6 տոկոսով, տարեսկզբից դրանց արժեքն աճել է 38 տոկոսով։










































