ԱՄՆ-ը հանգիստ չի հետևի, թե ինչպես է Հյուսիսային Կորեան միջուկային հրթիռներ մշակում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Թոմաս Դոնիլոնը,- հայտնում է vesti.ru-ն:
«ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ն չի ճանաչում միջուկային պետություն»,- նշել է Դոնիլոնը՝ Նյու Յորքում ելույթ ունենալով «Ասիական հասարակություն» ոչ կառավարական համաժողովին:
«Մենք հստակ հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի հետ: Սակայն ի պատասխան ստացել ենք միայն հրահրումներ և խիստ հռետորություն»,- ասել է Դոնիլոնը: ԱՄՆ-ը չի պատրաստվում «վատ վարքի համար պարգևատրել Փհենյանին»՝ նրա կողմից սուտ խոստումներ ընդունել և ի պատասխան սպառնալիքների՝ զիջումների գնալ:
Ի հաստատումն իր խոսքերի՝ ԱՄՆ-ը սահմանափակող միջոցներ է ձեռնարկել 3 հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք ուղղակիորեն մասնակից են զանգվածային ոչնչացման զենքի մշակմանը,- ասված է պետդեպարտամենտի՝ մարտի 11-ին հրապարակված մամլո հաղորդագրության մեջ:
«Հրթիռների և զանգվածային ոչնչացման զենքի մշակման ԿԺԴՀ-ի գործունեությունը խախատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, ինչպես նաև ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում»,- մամլո հաղորդագրությունից փոխանցում է Interfax-ը:
ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են Կորեայի աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի անդամներ Պակ Դո Չհունը և Չու Հյու Չհանը, ինչպես նաև ԿԺԴՀ-ի պաշտպանության պետական կոմիտեի փոխնախագահ Օ Գիկ Ռելը:
«ԿԺԴՀ-ն կշարունակի ենթարկվել մեկուսացման, եթե հրաժարվի իր միջազգային պարտավորությունները կատարելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելուց և չցրի միջուկային զենք և բալիստիկ հրթիռներ ստեղծելու վերաբերյալ միջազգային հանրության մտավախությունները»,- ասված է մամլո հաղորդագրությունում:










































