ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս որոշում չի ընդունել այն մասին, թե որքան ամերիկացի զինծառայող կմնա Աֆղանստանում 2014-ից հետո,- հայտնել է Սպիտակ տունը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչները հայտնել էին այն մասին, որ կցանկանային Աֆղանստանում 2014-ից հետո թողնել 6900 զինծառայողի:
«Մենք բանակցություններ ենք անցկացնում աֆղանական կառավարության հետ: Նախագահը քննարկում է 2014-ից հետո գործողությունների զանազան տարբերակներ: Դեռևս մենք կրճատում ենք մեր զորակազմը և կավարտենք պատերազմն Աֆղանստանում ՝ համաձայն նախագահի խոստման: Անվտանգության ոլորտում հետագա պայմանավորվածությունները դեռևս քննարկվում են: Նախագահը կաշխատի դրանց վրա»,- երկուշաբթի բրիֆինգի ժամանակ հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Ներկայումս, ԶԼՄ-ների տվյալներով, Աֆղանստանում ծառայում է 66 հազար ամերիկացի զինծառայող: Վերջերս նախագահ Օբաման հայտարարել էր, որ մեկ տարվա ընթացքում ևս 34 հազար ամերիկացի զինծառայող կհեռանա Աֆղանստանից, իսկ 2014-ի վերջին պատերազմն այդ երկրում կավարտվի:












































