Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, վերջակետ է դրել Լամար Օդոմի հետ իր ամուսնությանը և սեփական շոուն է թողարկում: Այս մասին հայտնում է Us Weekly-ն:
Պարբերականի հաղորդմամբ՝ հեռուստաաստղը և NBA-ի խաղացողն ավարտին են հասցրել երկու տարի առաջ սկսած ամուսնալուծության գործընթացը: Լամարը չի ցանկացել բաժանվել կնոջից և ամեն կերպ փորձել է խուսափել դրանից: Նա հույս է ունեցել, որ Քլոեն միտքը կփոխի և կմնա իր հետ, բայց ոչ:
Պաշտոնապես ամուսնացած լինելով՝ Քլոեն մոտ մեկ տարի հանդիպել է ռեփեր French Montanа-ի հետ, բայց կես տարի առաջ նրանից էլ է բաժանվել: Վերջերս նրան սկսել են սիրավեպ վերագրել NBA-ի մեկ այլ խաղացող Ջեյմս Հարդենի հետ: Դա էլ, ըստ ամենայնի, Լամարին համոզել է բաժանվել: «Լամարի համար շատ ցավոտ էր իմանալ, որ Քլոեն այնքան չի հարգում իրեն, որ ամուսնացած լինելով՝ հանրության առաջ հայտնվում է Ջեյմսի հետ: Նա հաշտվեց, որ նա հարաբերություններ ունի ռեփերի հետ, բայց հիմա նրա կյանքում գնալով նոր ու նոր տղամարդիկ կան, և Օդոմը հոգնեց դրանից: Նա ինքն է զանգահարել նրան և ասել, որ կստորագրի բաժանության մասին թղթերը»,- ասել է աղբյուրը:
Հիշեցնենք՝ զույգի բաժանության պատճառը տղամարդու անհավատարմության մասին մեծաթիվ շշուկներն են եղել և հոգեմետ դեղերով տարվածությունը, որը նաև հարցականի տակ է դրել նրա սպորտային կարիերան:
Իսկ նոր նախագծի մասին Քլոե Քարդաշյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ուրախ եմ ներկայացնել @FYI-ով «Կոկտեյլ Քլոեի հետ» նոր շոուն: Չեմ համբերում, թե երբ ձեզ համար կբացահայտեմ իմ բոլոր ծրագրերը: Առայժմ ավելին չեմ կարող ասել»:
Սակայն լրագրողներին հաջողվել է իմանալ, որ Քարդաշյանը կլինի ոչ միայն շոուի հաղորդավարը, այլև գործադիր պրոդյուսերը: Նրան հյուր կգնան իր ընկերները, գործընկերները և հայտնիներ՝ «ինտիմ երեկույթի համար ընթրիքի պատրաստման, փոփ-մշակույթի, անձնական կյանքի մասին զրույցների և ուրախ խաղերի համար»:










































