Ֆոլկլենդյան կղզիների բնակիչների մեծ մասը հանրաքվեին հանդես են եկել կղզիների՝ բրիտանական տարածքի կարգավիճակի պահպանման օգտին: Այս մասին հայտնում է BBC-ն: 1517 մարդկանցից միայն երեքն են դեմ արտահայտվել:
Արգենտինան հավակնում է Ֆոլկլենդյան կղզիներին և դրանք անվանում է Մալվինյան: Պաշտոնական Բուենոս Այրեսն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում քվեարկության արդյունքները: Արգենտինայի արտգործնախարարն ավելի վաղ մարտի 10-11-ին անցկացվելիք հանրաքվեն անվանել էր PR ակցիա: Նշենք, որ մի քանի տարի առաջ այդ շրջանում նավթ էր հայտնաբերվել:
1982 թվականին Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև վիճելի կղզիների համար պատերազմ տեղի ունեցավ, որն ավարտվեց անգլիացիների հաղթանակով: Պատերազմի ժամանակ զոհվեցին 649 արգենտինացի և 258 բրիտանացի զինվորներ:
Միջազգային հանրությունը կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները:










































