Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանին ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելը չի ընկնում ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի տակ։ Այդ մասին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին։
«С-300 ՀՕՊ-ի համակարգեր գնելը գտնվում է ոչ վաղ անցյալում ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևի իրավասությունից դուրս։ Բանաձևը պարունակում է 7 սահմանափակում, որոնցից որևէ մեկը չի վերաբերում С-300 զենիթահրթիռային համալիրներին։ Վիեննայում «վեցյակի» հետ համաձայնագրի ձեռք բերմամբ Թեհրանը տնտեսական համագործակցության ճանապարհ է հարթում մի շարք երկրների հետ, որոնք պատժամիջոցների պատճառով զրկվել են Իրանի հետ կապերի զարգացումից։ Թեհրանը Չինաստանի ու Ռուսաստանի հետ պահպանում է սրտանց, դրական ու կառուցողական հարաբերություններ»,- ասել է փոխարտգործնախարարը։
Ռուսաստանն ու Իրանը С-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին պայմանագիրը ստորագրել են 2007 թվականին։ 2010 թվականին Ռուսաստանն արգելք է դրել այդ համալիրների մատակարարման վրա և Իրանին է վերադարձրել կանխավճարը։ Ընթացիկ տարվա ապրիլի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերացրեց այդ արգելքը։









































