Գենետիկները Ամազոն գետի ավազանում ապրող բնիկ ամերիկացիների շրջանում Ավստրալիայի աբորիգենների հետ ազգակցության հետքեր են հայտնաբերել: Հետազոտության արդյունքներով հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում:
«Մենք ուսումնասիրել ենք գենետիկ տվյալներն ու ցույց տվել, որ որոշ բնիկ ամերիկացիներ Ամազոնի շրջանից մասամբ սերում են բնիկ ամերիկացիների պոպուլյացիայից, որոնք կրել են ժառանգական գծեր՝ ավելի մոտ Ավստրալիայի, Նոր Գվինեայի և Անդամանյան կղզիների աբորիգեններին, քան ժամանակակից եվրոպացիներին կամ բնիկ ամերիկացիներին»,- հոդվածում գրում են Բոստոնում Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները:
Ժամանակակից բնիկ ամերիկացիների գենետիկ հետազոտությունները մատնանշում են նրանց ծագումը Սիբիրից, որտեղից նրանց նախնիները գնացել են մոտ 15 000 տարի առաջ Բերինգի նեղուցով, որն այդ ժամանակ միացրել է Չուկոտկան և Ալյասկան: Սակայն այն ժամանակվա որոշ մարդկային կմախքներ նման են ոչ այնքան ժամանակակից հնդկացիներին, որքան ավստրալացի աբորիգեններին, մալանեզիացիներին, Հարավային և Հարավարևելյան Ասիայի արևադարձային երկրներից սևամորթ ժողովուրդներին, նաև Սև Աֆրիկայում ապրող որոշ խմբերի ներկայացուցիչներին: Ուստի, որոշ վարկածների համաձայն, Սիբիրից Հյուսիսային Ամերիկա գնացածները դուրս են մղել ավելի հին բնակչությանը:
Արտաքին նմանությունը, սակայն, դեռ չի ապացուցում գենետիկ ազգակցությունը, նշում են գիտնականները: Նրանք ուսումնասիրել են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում ապրող բնիկ ամերիկացիների 30 խմբի ներկայացուցիչների, նաև Ամերիկայի սահմաններից դուրս ամբողջ աշխարհում մարդկանց 197 տարբեր խմբերի գենոմները: Գիտնականները պարզել են, որ Ամազոն գետի ավազանից բնիկ ամերիկացիների որոշ խմբեր ժառանգել են փոքր քանակությամբ գեներ Ավստրալիայի, Նոր Գվինեայի և Անդամանյան կղզիների բնիկներին ավելի մոտ պոպուլյացիայից: Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայից ժամանակակից բնիկ ամերիկացիներն այդ գեները չունեն:







































