Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը մեծ պատվիրակությամբ եռօրյա այց է կատարել Իրան, որտեղ քննարկվում է երկու երկրների տնտեսական հարաբերության հեռանկարը Իրանի շուրջ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունից և պատժամիջոցների չեղարկումից հետո: Առաջիկայում Իրան է պատրաստվում այցելել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան ֆաբիուսը: Մեծ Բրիտանիան պատրաստվում է տասնամյակների ընդմիջումից հետո բացել իր դիվանագիտական ներկայացուցչությունն Իրանում:
Թեհրանի հետ Արևմուտքի համաձայնությունից հետո իրադարձությունները զարգանում են շատ արագ: Այդ համաձայնությունը Հայաստանի համար գնահատվեց մեծ հնարավորությունների համաձայնություն: Հայաստանի մի շարք գործիչներ, փորձագետներ արձանագրեցին, որ Իրանի հետ Արևմուտքի հարաբերության կլարգավորումը հնարավորություն է հայ-իրանական հարաբերությունները խորացնելու համար: Սակայն Իրանի հետ համաձայնությունից անցել է արդեն բավական տևական ժամանակ, իսկ պաշտոնական Երևանից ոչ միայն Իրանի հետ որևէ բարձրաստիճան շփման փորձ անգամ չի եղել, այլև նույնիսկ քիչ թե շատ առարկայական-քաղաքական հաղորդագրություն պարունակող հայտարարություններ: Երևի թե սպասելուց հետո Իրանը որոշեց ինքը առաջին քայլն անել, և Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարեց, որ Իրանի խնդրի կարգավորումը հնարավորություն կտա իրականացնել հայ-իրանական ծրագրերը, նաև քայլեր կատարել նոր և հեռանկարային ծրագրերի, Պարսից ծոցը Սև ծովի հետ կապելու վերաբերյալ: Իրանի դեսպանը հայտարարեց նաև, որ ակնկալում են Հայաստանի հետ առևտրային արտոնյալ մաքսային ռեժիմի հաստատում, որը կխթանի երկկողմ հարաբերությունները, իսկ վիզային ռեժիմի դյուրացումը կխթանի զբոսաշրջությունը:
Թեհրանը հերթական անգամ ակնարկներ է անում Երևանին՝ սպասելով, որ Երևանն արձագանքի: Սակայն Հայաստանում, ըստ էության, լուռ են և հռչակագրային, տրաֆարետային մակարդակի հայտարարություններից ու գնահատականներից այն կողմ ոչ ոք չի անցնում: Հայաստանում տնտեսության և քաղաքականության մասին պատկերացումները չեն անցնում գյուղմթերքների արտահանման շրջանակից և Երևանում հաշվում են արտահանվող ծիրանի, վարունգի և պոմիդորի քանակը:
Այդ ամենն իհարկե Հայաստանի համար կարևոր է, սակայն խնդիրն այն է, որ լոլիկն ու վարունգը աշխարհաքաղաքական կատեգորիա չեն: Աշխարհաքաղաքական կատեգորիան ռազմավարական, երկարաժամկետ տնտեսական ծրագրերն են, որոնց կապակցությամբ Հայաստանը հնարավոր գործընկերների, մեղմ ասած, շատ փոքր ընտրություն ունի, և այդ առումով Հայաստանն իրավունք չունի հապաղել Իրանի հետ հարաբերությունների մասով: Բայց Հայաստանի իրավունքն իհարկե որոշվում է Հայաստանի սահմաններից դուրս, ավելի կոնկրետ՝ Մոսկվայում: Առավել ևս այսօր, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է:
Եվ մինչ աշխարհում ակտիվորեն փորձում են արդեն իսկ հաստատել շփումներ Իրանի հետ և կազմել ծրագրեր տնտեսական հեռանկարների վերաբերյալ, Հայաստանը պետք է սպասի, թե ինչ կասի ԵՏՄ-ն, քանի որ Հայաստանի և Իրանի հետ սահմանն այլևս ԵՏՄ-Իրան սահման է: Իսկ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանի ու ԵՏՄ-ի շահերը և հետաքրքրությունները լիովին տարբեր են: Միաժամանակ, ակնհայտ է նաև, որ Իրանը Հայաստանի հետ հարաբերություններ է ուզում խորացնել, ոչ թե ԵՏՄ-ի հետ: Հակառակ պարագայում Հայաստանում Իրանի դեսպանը ոչ թե Երևանին հաղորդագրություններ կհղեր, այլ Մոսկվային հաղորդագրություններ կհղեր Ռուսաստանում Իրանի դեսպանը:









































