Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա հունիսի 19-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ 2016 թվականից նախատեսվում է 10%-ով բարձրացնել ակցիզային հարկով հարկման ենթակա մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափը: Խոսքը առաջին հերթին ծխախոտի և օղու արտադրության համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափի մասին է: Նախագծի քննարկման շարունակությունը կլինի աշնանը: Միաժամանակ նաև նախատեսվում է գազի համար ակցիզ սահմանել 8330 դրամ՝ հազար խմ-ի համար:
Այս փոփոխությունն արդեն մայրաքաղաքում տեղիք է տվել խոսակցությունների, թե հնարավոր է՝ ներքին ուղևորատար տրանսպորտը թանկանա: Ինքնին հասկանալի է, որ եթե հանկարծ աշնանը օրենքը վերջնականապես փոփոխվի, ապա առիթ կտա ինչպես փոխադրում իրականացնողների, այնպես էլ ուղևորների դժգոհությանը, քանի որ թանկ գազով աշխատելիս կդժգոհեն ընկերությունները, տրանսպորտի թանկացումն էլ կհանգեցնի քաղաքացիների դժգոհությանը: Վիճակն անհամեմատ ծանր կլինի մայրաքաղաքից դուրս՝ մարզերում, որտեղ համեմատաբար առավել սուր են դրված սոցիալական խնդիրները:
Ինչպես փոխանցում է «Առաջին լրատվական»-ի Գյումրիի թղթակիցը, հանրապետության երկրորդ և ամենից աղքատ քաղաքում այս փոփոխության մասին գյումրեցի անհատ տաքսիստները, որոնք այս տարի բավական ակտիվ կերպով բողոքի ակցիաների միջոցով փորձեցին իրենց իրավունքները պաշտպանել, հիմնականում դեռևս լիովին չեն իրազեկվել, սակայն ովքեր որ տեղյակ են՝ մտածում են, որ անելանելի դրության մեջ կհայտնվեն, որովհետև թանկ գազի պայմաններում՝ ուզեն-չուզեն, պիտի գինը բարձրացնեն, ասենք՝ այժմ գործող 700 կամ 800 դրամից մինչև 1000 դրամի, մյուս կողմից էլ, հաշվի առնելով քաղաքի սոցիալական մռայլ ֆոնը, գնի փոփոխությունն ինքնին կբերի հաճախորդների թվի նվազման:
«Մեզ մոտ անհնարին կլինի աշխատելը: Երևանում դեռ կարելի է այս սեզոնին ինչ-որ կերպ հարցը լուծել տուրիստական հոսքի շնորհիվ: Մեր քաղաքում էդ էլ չկա: Ի՞նչ պիտի անենք՝ պիտի էլ չաշխատենք, բայց դե, որ չաշխատենք՝ մեր տուն-տեղն ով պահի: Առանց էն էլ ամեն շաբաթ 4-5 մեծ ավտոբուս մարդ քաղաքից կերթա, քաղաք մարդ չի մնացել, ով էլ մնացել է, փող չունի: Չգիտենք՝ ոնց ենք աշխատելու: Իրենք իրենց մասին կմտածեն մենակ, մեր հետ գործ չունեն: Օրական հազիվ ենք 1000-2000 դրամ կարողանում տուն տանել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց 65-ամյա Վոլոդյա Պետրոսյանը, որը քաղաքի անհատ տաքսիստներից է: Վերջինս նաև նշեց, որ սխալ է Գյումրին ու մայրաքաղաքն իրար հետ համեմատելը, առհասարակ՝ մայրաքաղաքը որևէ այլ բնակավայրի հետ համեմատելը, թեկուզ և այն պատճառով, որ մայրաքաղաքը միլիոնանոց բնակավայր է, ոնց էլ լինի՝ օրվա հաց հնարավոր է վաստակել, իսկ մարզերում վիճակը լրիվ այլ է:
Խնդրի առնչությամբ «Առաջին լրատվական»-ը դիմեց նաև Շիրակի մարզպետարանին: Մարզպետի՝ լրատվության հետ հարցերով խորհրդական Արաքսյա Կիրակոսյանն ի պատասխան մեր հարցման՝ ասաց, որ ներկա պահին իրենց համապատասխան հանձնաժողովը գնային վերանայման որևէ հայտ չի ստացել միջհամայնքային ուղևորատար տրանսպորտային ընկերություններից: «Այս պահին որևէ նման հայտ չենք ստացել, հետևաբար գնային վերանայում մարզի միջհամայնքային ուղևորատար փոխադրումների մասով չի նախատեսվում»,- նշեց տիկին Կիրակոսյանը:
Հ.Գ.- «Առաջին լրատվական»-ը դիմել է նաև Գյումրու քաղաքապետարան, որտեղից համայնքի ղեկավարի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը խոստացավ մեր հարցին պատասխանել վաղը, քանի որ քաղաքապետարանի կոմպետենտ պաշտոնյան այսօր գտնվում է Երևանում: Ուստիև Գյումրիի մասով ավելի մանրամասն կանդրադառնանք վաղը:










































