Armtimes.com-ը գրում է. «Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը երկու հրամանագիր է ստորագրել: Առաջինով իր մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին ազատել է պաշտոնից, իսկ երկրորդով մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: Արման Սաղաթելյանն աշխատանքից ազատվել էր իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ:
Նորանշանակ մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի կենսագրությունը բավական հետաքրքիր է. նա սովորել է Երեւանի թիվ 167 միջնակարգ դպրոցում, ապա Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռադիոլրագրության բաժնում, հետո ծառայել է բանակում, 2006-ին վերադարձել ու աշխատել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վլադիմիր Հակոբյանի անուն-ազգանունը հանրությանը ծանոթ դարձավ անցյալ տարի, երբ ԱԱԾ-ականը փորձել էր «վերբովկա» անել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանին: Հակոբյանը նրան սպառնացել էր, պահանջել համագործակցել ԱԱԾ-ի հետ, սակայն Հրայրը կտրականապես հրաժարվել էր, հետո էլ իր ու Հակոբյանի զրույցը ձայնագրել էր ու տեղադրել համացանցում: Ահա այս հայտնի դեպքից մեկ տարի անց, Սերժ Սարգսյանը Հակոբյանին նշանակել է խոսնակ:
Կայքին հաջողվել է, պարզել, որ Սերժ Սարգսյանի նոր խոսնակը համալսարանում եղել է բավական ինքնամփոփ անձնավորություն, գրեթե ընկերներ չի ունեցել, բայց լավ հարաբերությունների մեջ է եղել գրեթե բոլոր դասախոսների հետ: Համալսարանական հասակակիցներից քչերն էին նրան հիշում, իսկ հիշելու դեպքում էլ ասում էին, որ նա մեկուսացած է եղել: Վլադիմիր Հակոբյանի կուրսղեկը եղել է ՀՀ ԿԳՆ նախկին նախարար, լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, ով բոլորովին այլ կերպ ներկայացրեց Սերժ Սարգսյանի նոր խոսնակին: «Վլադիմիրը իմ կուրսում է սովորել, պարտաճանաչ, հանձնարարությունները ժամանակին կատարող, քննարկող, բանավիճող երիտասարդ էր Վլադիմիրը: Կարդալ շատ էր սիրում, ուսումնատենչ երիտասարդ էր ու կուրսում բոլորը ձգտում ունեին՝ բոլոր ուսանողները ու բոլորը լավ էին սովորում»,-ԱԱԾ-ականին ներկայացրեց իր կուրսղեկը: Երիցյանն ասաց, որ Վլադիմիր Հակոբյանի՝ Սերժ Սարգսյանի խոսնակ դառնալն իր համար անակնկալ չէր, քանի որ իր կուրսերը միշտ հասել են կրթական մակարդակի բարձր նիշի: Երիցյանը չհամաձայնեց այն կարծիքին, որ Վլադիմիր Հակոբյանը եղել է մեկուսացված ու դժգույն անձ, հակառակը՝ Հակոբյանին ներկայացրեց որպես քննարկող, հարցեր վիճարկող անձ: «Սովորություն կար իրենց կուրսում. ամբողջ կուրսով ձեռք էին բերում օրվա մամուլը, քննարկում, կարդում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում









































