Ֆրանսիական «Կառֆուր» ընկերությունը կամ ՀՀ-ում դրա ներկայացուցիչներից որևէ մեկը առայժմ չի դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ հիպերմարկետի կառուցման համար մայրաքաղաքում որևէ տարածք հատկացնելու համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հարցադրմանն ի պատասխան՝ հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Պաշտոնապես որևէ մեկը նման հայտով չի դիմել, ոչ էլ քաղաքապետարանի կողմից անցկացվող հողերի աճուրդներին են մասնակցել, ներկայացել»,- ասաց վարչության ղեկավար Արթուր Գևորգյանը՝ նկատելով, որ «Կառֆուրին» կարող է տարածք հատկացնել ինչ-որ մասնավոր անձ կամ կազմակերպություն:
Հիշեցնենք, որ «Կառֆուրի» ապագա հիպերմարկետի գտնվելու հնարավոր վայրի մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում. «Դալմա գարդեն մոլում» դրա համար նախատեսվող տարածքի վարձակալության գործարքի չկայացումից հետո նշվում էր, որ «Կառֆուրը» շենք է կառուցում Ավան վարչական շրջանում, «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց և այլն:











































