Դերասանուհի Էմմա Ուոթսոնը կարող էր դառնալ առևանգիչների զոհը՝ հայտնում է Daily Mail-ը:
Պարզվել է՝ բրիտանուհուն կարող էին առևանգել, բայց հանցագործների ծրագիրը հաջողվել է ժամանակին բացահայտել, ինչի շնորհիվ այժմ Էմման ողջ և անվնաս է:
Պարբերականը հայտնում է, որ Էմմայի պոտենցիալ առևանգիչները եղել են հավաքարարները (ծնունդով Արևելյան Եվրոպայից), որոնք աշխատել են Disney ստուդիայում:
Նրանց ծրագիրը բացահայտվել է շնորհիվ ուշադիր տաքսու վարորդ Սթիվեն Մոյեսի, որը հերթափոխի վերջում այդ երկուսին տուն է տարել: Ճանապարհին առևանգիչները քննարկել են 25-ամյա դերասանուհու առևանգումը: Տղամարդիկ խոսել են իրենց լեզվով, բայց տաքսու վարորդը հասկացել է նրանց լեզուն:
Իմանալով հավաքարարների հանցավոր մտադրությունների մասին՝ Մոյեսն ասել է ղեկավարությանը, որից հետո տղամարդկանց անհապաղ ազատել են աշխատանքից, իսկ Էմմային կրկնակի պաշտպանություն է հատկացվել:
Թե ինչու էին ցանկանում առևանգել դերասանուհուն՝ չի հաղորդվում:











































