Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում առաջ գնալ, շուկաներ բացել, ներդրումներ կատարել՝ Երևանում հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Սերժ Սարգսյանի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսում: Տուսկը հայտարարել է, որ պատրաստվում են Հայաստանի հետ նոր իրավական փաստաթղթի ստորագրմանը, որից գոհ կլինի թե Հայաստանը, թե Եվրամիությունը:
Եվրոպայի խորհրդի նախագահի հայաստանյան հայտարարությունները իսկապես շատ կարևոր են Հայաստանի թե տնտեսական զարգացման, թե անվտանգության համար: Սակայն դրա համար շատ կարևոր է նաև, թե այդ հայտարարությունների տակ ինչ կա գործնական քաղաքականության տեսանկյունից, որովհետև առանց դրա՝ այդ հայտարարությունները պարզապես գեղեցիկ խոսքեր ու կենացներ են, որոնց հաջորդում են հուսախաբությունները: Վերջին հաշվով՝ հայ-եվրոպական հարաբերություններում գեղեցիկ խոսքերն ու կենացները մենք մի անգամ արդեն իսկ լսել ենք բավականաչափ, որից հետո ապրել ենք սեպտեմբերի 3-ի հիասթափությունը։
Եվ ահա այս տեսանկյունից շատ կարևոր է, թե Հայաստանի հետ հարաբերություններում ինչ դասեր է քաղել Եվրամիությունը: Եվրամիությունը, որովհետև Հայաստանի իշխանությունների դասերի մասին խոսք լինել չի կարող, նրանք ընդունակ չեն դասերի և ինքնուրույն որոշումների: Նաև այս առումով է, որ Դոնալդ Տուսկի հայտարարությունները զգուշավորության առիթ են:
Խնդիրն այն է, որ հայ-եվրոպական հարաբերություններում շատ կարևոր լինելով, թե ինչի է պատրաստ Եվրամիությունը, ոչ պակաս կարևոր է, թե ինչի է պատրաստ այդ հարաբերություններում Ռուսաստանը: Այս տեսանկյունից ահա պատկերն իսկապես անորոշ է: Իսկ երբ այդ պատկերն անորոշ է, դժվար է կազմել հայ-եվրոպական հարաբերության թեկուզ մոտավոր պատկերը՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ ու միտումներ կարող են լինել այս ուղղությամբ:
Միանշանակ ողջունելի է Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու Եվրամիության պատրաստակամությունը, որ արտահայտել է Դոնալդ Տուսկը, սակայն Հայաստանի հասարակությանը, իհարկե, պետք են նոր հիասթափություն չապրելու երաշխիքներ:
Սրան զուգահեռ՝ Եվրամիության, ըստ էության, առաջին դեմքի հայաստանյան այցը տեղի է ունենում նոր միջազգային իրավիճակում, որ ստեղծվել է իրանյան խնդրում պատմական տեղաշարժից հետո՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնությամբ: Այդ պատմական համաձայնությունը ստեղծում է նոր իրավիճակ, որտեղ Հայաստանը վերստին դառնում է կարևոր կետ տարածաշրջանային զարգացումների համար: Սակայն ամեն ինչ ի վերջո հանգում է Ռուսաստանի խնդրին: Ռուսաստանը Հայաստանն արգելափակել է բավականին խորը և հիմնավոր, ըստ այդմ ներկայումս Հայաստանի որևէ «երրորդ» հարաբերության հարցում առաջնայինը այն է, թե ինչքան են ապաարգելափակման մեխանիզմները:
Սրան զուգահեռ, սակայն, բոլորովին պետք չէ բացառել, որ Հայաստանի հարցը ևս եղել է իրանյան փաթեթում: Սա կարող է անհավանական թվալ, սակայն վերջին հաշվով միանգամայն տրամաբանական կարող է լինել, որ Իրանն ու Արևմուտքը բանակցում են նաև Հայաստանի հարցում՝ հասկանալու համար, թե ինչքանով է հնարավոր արգելափակումից դուրս բերել Հայաստանը, քանզի մեր երկիրն է, որ հանդիսանում է Իրան-Արևմուտք հարաբերություններում առավել հուսալի և վստահելի ենթակառուցվածքային հարթակ՝ վրացական շարունակությամբ: Եվ պետք չէ բացառել, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը Իրանի հարցում որոշակիորեն աշխատելով Ռուսաստանի հետ և կարողանալով Մոսկվային բերել կառուցողական այնպիսի դաշտ, որ գոնե չխանգարի իրանյան համաձայնությանը, որոշակի համաձայնություններ են ապահովել իրանական փաթեթում նաև Հայաստանի մասով, ինչն էլ Եվրամիության խորհրդի նախագահին հնարավորություն է տվել անել երևանյան բավական հուսադրող հայտարարությունները:
Այս տեսանկյունից, ի դեպ, հետաքրքրական է, որ Տուսկի տարածաշրջանային այս այցը սահմանափակվում է հենց Հայաստանով ու Վրաստանով, ուր նա մեկնելու է Երևանից:












































