Ղրղըզստանում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության անդամներին աջակցելու համար ձերբակալվել է հանրապետության ազգային խորհրդարանի նախկին պատգամավոր։ Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության պետկոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժինը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Նախկին պատգամավորը ձերբակալվել է Բիշքեկի Մանաս օդանավակայանում՝ երկրի սահմաններից դուրս գալու փորձ անելիս»,- հայտնել են գերատեսչությունում։
Քննության շահերից ելնելով՝ ձերբակալվածի անունը չի հաղորդվում։ Հայտնի է միայն, որ նա խորհրդարանում է եղել «Ակ Ժոլ» կուսակցությունից, որն իշխել է 2006-2010թթ.։ ԶԼՄ-ների վարկածով՝ խոսքը Մակսատ Կունակունովի մասին է։
Հաղորդվում է, որ նա անմիջական կապ է ունեցել Բիշքեկում հուլիսի 16-ին ոչնչացված ԴԱԻՇ-ի 6 և ձերբակալված 7 իսլամիստների հետ, որոնց օգնել է զենքով և ֆինանսապես։











































