Պաբլո Պիկասոյի «Աղավնիով երեխան» կտավը կլքի Մեծ Բրիտանիան: Ինչպես հաղորդում է Independent-ը, Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարարությանը չի հաջողվել կանխել կտավի դուրսբերումը երկրից:
Christie’s աճուրդի տունը 2012 թ. վաճառել է Պիկասոյի աշխատանքը, որի նոր սեփականատերը, ի տարբերություն նախորդ սեփականատերերի, մտադիր չէ նկարը թողնել Մեծ Բրիտանիայում հրապարակային ցուցադրության: Տեղեկատվություն չկա այն մասին, թե ով է նկարի նոր սեփականատերը: Սակայն արվեստի քննադատ Բրայան Սյուելը պարբերականին հայտնել է, որ շշուկների համաձայն՝ կտավը կարող է մեկնել Կատար:
Երկրի մշակույթի նախարարությունը փորձել է պահպանել կտավը: Այն արգելափակել էր երկրից կտավի դուրսբերումը՝ մեկնաբանելով, թե նկարը Մեծ Բրիտանիայի համար ունի պատմա-մշակութային մեծ նշանակություն: Արգելքի գործողության ժամկետը սպառվել է 2012 թ. դեկտեմբերին:
Նկարը երկրի տարածքը կլքի մայիսի 26-ից հետո: Independent-ի փոխանցմամբ՝ մինչ այդ պահը կտավը կցուցադրվի Լոնդոնի Կուրտոլդ պատկերասրահում:
Պիկասոն «Աղավնիով երեխան» կտավը նկարել է 1901 թ. 19 տարեկան հասակում:








































