Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանի, գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի և փառատոնի պատվավոր հյուր, աշխարհահռչակ կինոդերասանուհի Նաստասյա Կինսկիի հետ միասին ներկա է գտնվել «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի պաշտոնական փակման հանդիսավոր արարողությանը: «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպված միջոցառման շրջանակում ներկայացվել են միջազգային կինոփառատոնում տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված, ինչպես նաև ժյուրիի ուշադրությունը գրաված ու խրախուսական մրցանակների արժանացած ֆիլմերը, որոնց հեղինակներն արժանացել են մրցանակների: «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե ծիրան», մրցանակին է արժանացել Սիռո Գեռայի (Կոլումբիա) «Օձի գրկում» լիամետրաժ խաղարկային ֆիլմը:
Ողջունելով փակման արարողության մասնակիցներին ու շնորհավորելով փառատոնում հաղթող ճանաչված կինոգործիչներին՝ փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կինոփառատոնի անցկացման հարցում ցուցաբերած մշտական աջակցության համար, ընդգծելով, որ փառատոնի բոլոր մասնակիցներն իսկապես տպավորված են Երևանի հյուրընկալությամբ:









































