Միջմոլորակային New Horizons կայանը LORRI (Long Range Reconnaissance Imager) գործիքի օգնությամբ պարզել է Պլուտոն գաճաճ մոլորակի Հիդրա արբանյակի բաղադրությունն ու չափերը: Այս մասին հաղորդվում է NASA-ի կայքում:
Գիտնականների ստացած տվյալների համաձայն՝ Հիդրան անկանոն ձև ունի՝ նման կարտոֆիլի պալարի, չափերը՝ 43×33 կմ: Արբանյակի անդրադարձման ունակությունը 40% է, ինչը վկայում է, որ Հիդրան, ըստ ամենայնի, ծածկված է ջրային սառույցով:
Գիտնականները նաև Պլուտոնի արբանյակի վրա հայտնաբերել են մուգ օղակաձև կառուցվածք՝ մոտ 10 կմ տրամագծով: Դրա բնութագիրը դեռ պարզ չէ: Հիդրայի ուսումնասիրության պահին New Horizons-ը գտնվել է դրանից ավելի քան 640 հազար կմ հեռավորության վրա:








































