Հայաստանը լուրջ դեր չի խաղում թմրանյութերի տարանցման ոլորտում, քանի որ երկիրը գտնվում է մեկուսացման մեջ: Այն ելք չունի դեպի ծով, ցամաքային 4 սահմաններից երկուսը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, փակ են: Այդ ամենը նվազեցնում է Հայաստանի հմայքը որպես թմրանյութերի տարանցման համար երթուղի՝ նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի «Թմրանյութերի նկատմամբ վերահսկողության միջազգային ռազմավարությունը» զեկույցում: Այս մասին հայտնում Gruziya online-ը:
Փաստաթղթում ասվում է, որ թմրանյութերի արտադրությունում Հայաստանի դերը մեծ չէ, իսկ թմրանյութի կիրառման մակարդակը երկրում չափավոր է: Հայաստանում ամենատարածված թմրանյութը մարիխուանան է, և անցած տարի իրավապահ մարմինները ոչնչացրել են 82 տոննա մարիխուանա:
Զեկույցը փաստում է, որ նշված ժամանակաշրջանում Հայաստանում առգրավված թմրանյութերի ծավալը նվազել է: Այդ փաստը հանրապետության ոստիկանությունը բացատրում է նրանով, որ 2011-12 թթ. ոչնչացվել են նարկոթրաֆիքով զբաղվող մի քանի խմբավորումներ:
Միաժամանակ աճում է Իրանից Հայաստան սահմանամերձ Մեղրի քաղաքով և Արաքս գետի վրայով թմրանյութերի փոխադրման փորձերի թվերը: Անցած տարի բացահայտվել է իրանա-հայկական սահմանի վրայով թմրանյութերի նետման յուրօրինակ մեթոդ: Դրանք տեղադրվել են փաթեթեների մեջ և գիշերը լուսադիոդներով նետվել Արաքսի հայկական ափ: Նույն կերպ է իրականացվել նաև դրանց դիմաց վճարումը:
Տարածաշրջանի հարևան պետությունները՝ Վրաստանն ու Ադրբեջանը, բախվում են ավելի էական մարտահրավերների: Նարկոթրաֆիքի հիմնական երթուղիներից մեկը սկսվում է Աֆղանստանում, Իրանի միջոցով անցնում Ադրբեջան և Վրաստան, այնտեղից էլ՝ Ռուսաստան և Եվրոպա: Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի տարածքով տարեկան փոխադրվում է 11 տոննա հերոին: Վրաստանի մասով նշվում է նաև թմրանյութերի սեփական ընդհատակյա արտադրության գոյության մասին: