Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը երաշխիք է, որ Իրանը միջուկային զենք չի ստանա, ինչով կանխվում է Մերձավոր Արևելքում մեծամասշտաբ ռազմական գործողությունների ռիսկը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ չորեքշաբթի ելույթ ունենալով մամլո ասուլիսում: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
«Այս համաձայնությունը մեզ համար լավագույն միջոց է, ինչը երաշխավորում է, որ Իրանը չի ստանա միջուկային զենք», -ասել է Օբաման, նշելով, որ այդպիսի կարծիք ունի նաև միջուկային ոլորտում փորձագետների մեծամասնությունը:
«Միջուկային փորձագետների մեծամասնությունն ասում է, որ այդ համաձայնությունը արգելք կլինի Իրանի կողմից ատոմային ռումբ ստանալու համար»,- ասել է Օբաման:
Նա նաև ավելացրել է, որ այդ համաձայնությունը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին, և առանց դրա նրանք Մերձավոր Արևելքը պատերազմի ավելի մեծ ռիսկի կենթարկեին: Միաժամանակ նա ասել է, որ նույնիսկ այդ համաձայնությամբ ԱՄՆ-ում պահպանվում են լուրջ տարաձայնություններ Իրանի հետ:









































