Դերասանուհի և մոդել Պամելա Անդերսոնը պաշտոնապես խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին: Այս մասին հայտնում է Global News-ը:
Անդերսոնը նշել է, որ Ռուսաստանը մեծ դեր է խաղացել ծովարջերի պոպուլյացիայի պաշտպանության գործում, և ինքը կենդանիների ու շրջակա միջավայրի պաշտպանության հարցում Ռուսաստանի իշխանությունների հետ համագործակցության հույս ունի:
«Ես ձայն ունեմ միջազգային համայնքում, և կուզենայի օգտագործել իմ ձայնը, թեկուզ ոչ ամենածանրակշիռ՝ այս աշխարհը բոլոր կենդանի էակների համար լավագույն վայրը դարձնելու նպատակով»,- ասվում է Պամելա Անդերսոնի ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանը հասցեագրած նամակում:
Դերասանուհին նաև նշել է, որ եթե Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել հնարավոր չէ, ապա ինքն ուրախ կլինի նաև Ռուսաստանի բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյի հետ հանդիպել:
Անդերսոնը կարծում է, որ լավ կլիներ հանդիպել ճաշի կամ ընթրիքի շուրջ, քանի որ դա իրեն հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ՝ Ռուսաստանը որքանով է ներգրավված շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին:








































