Թուրքական Son dakikа լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուն այսօր հանդիպում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի ու Ֆիգեն Յուքսեքդաղի հետ՝ կապված կոալիցիա ձևավորելու հետ։
Դրանից առաջ էլ Դավութօղլուն նույն նպատակով հանդիպումներ է ունեցել «Ժողովրդա-հանրապետակության» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջնորդների Քեմալ Քըլըչդարօղլուի ու Դևլեթ Բահչելիի հետ։ Այս ամենի հետ կապված՝ Metropoll հետազոտական կենտրոնի ղեկավար Օզեր Սենջարը կարծիք է հայտնել, որ ամեն ինչ տանում է դեպի արտահերթ ընտրություններ։
Սենջարը ներկա դրությամբ արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր է համարել 75 տոկոսով և միայն 25 տոկոսով է հավանական համարել ԱԶԿ-ԺՀԿ կոալիցիայի ձևավորումը։ Սենջարի կարծիքով՝ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը ծրագրել է, որ արտահերթ ընտրություններում ԱԶԿ-ն կհավաքի քվեների 44-45 տոկոսը, ինչն էլ հնարավորություն կտա ձևավորել միակուսակցական կառավարություն։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԶԿ-ն հավաքել է քվեների մոտ 41 տոկոսը և 550 հոգանոց խորհրդարանում ստացել է 258 պատգամավորական մանդատ, ինչը բավարար չի եղել միակուսակցական կառավարություն ձևավորելու համար։ Դրա համար անհրաժեշտ էր 276 պատգամավորական մանդատ (50%+1):









































