Ուֆայում տեղի ունեցած ԵՏՄ, ԲՐԻԿՍ և ՇՀԿ գագաթնաժողովների ընթացքում հայտարարվեց, որ Հայաստանը միանում է Շանհայան համագործակցության կազմակերպությանը որպես գործընկեր:
Ինչ է տալու, սակայն, այս գործընկերությունը Հայաստանին՝ պարզ չէ: Փոխարենը՝ իշխանական քարոզչությունն այս իրադարձությունը լայնորեն շեփորում է՝ ներկայացնելով որպես Հայաստանի տնտեսական հնարավորությունների նոր հեռանկար:
Հայաստանի տնտեսական քաղաքականությունն, ըստ էության, մտել է նոր փուլ, շատ հետաքրքրական մի փուլ: Հետաքրքրական ոչ թե այն իմաստով, որ դրանում կատարվում են տնտեսության զարգացմանը միտված քայլեր, այլ պարզապես հնարամտության առումով: Գտնվել է Հայաստանի հանրությանը «կերակրելու», առկա խնդիրներից շեղելու նոր տարբերակ: Խոսքը հեռանկարների մասին է:
Հայաստանի իրական տնտեսական հեռանկարները այստեղ են՝ հենց Հայաստանի տարածքում: Այդ հեռանկարները թաքնված են այնպիսի հասկացությունների տակ, ինչպիսիք են մենաշնորհները, օլիգոպոլիաները, բիզնեսի և իշխանության սերտաճումը, հովանավորչությունը, կոռուպցիան: Երբ այս ամենը հանում ենք, վերացնում ենք, ապա դրա տակ մենք տեսնում ենք Հայաստանի իրական զարգացման շոշափելի հեռանկարները:
Սակայն Հայաստանի իշխանությունները չունեն այս ամենը վերացնելու, չեզոքացնելու ցանկություն և կամք: Դրա համար Հայաստանի զարգացման իրական հեռանկարները, որ այդքան մոտ են մեզ, այսպես ասած՝ մեր քթի տակ են, ըստ էության մնում են խորը թաղված: Դրա փոխարեն՝ հասարակությանը մատուցվում են շանհայական հեռանկարներ: Այսինքն՝ հեռանկարներ, որոնք մեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու են, որոնցում մենք բացակայում ենք որպես սուբյեկտ, կանք ընդամենը որպես անուն, որը այդ կազմակերպություններում ներգրավվածների մեծ մասին հայտնի էլ չէ նույնիսկ:
Հայաստանի հասարակությանը ասում են, թե ահա, մենք դարձել ենք այսինչ կազմակերպության անդամ, այնինչ կազմակերպության գործընկեր, ու ապագայում ամեն ինչ լավ կլինի: Այսինքն՝ ապագա հեռանկարների մասին այդ քարոզչական սնունդը ըստ էության միտված է Հայաստանի հասարակությանը ներկայումս պարտադրված «հացադուլը» քողարկելու, ավերվող, կողոպտվող ներկան չեզոքացնելու համար:
Իրականում որևէ վատ բան չկա և նույնիսկ լավ է, երբ Հայաստանը հարաբերվում է միջազգային տնտեսական կառույցների հետ: Սակայն խնդիրն այն է, որ այդ հարաբերությունն իրական ու առարկայական կարող է լինել այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսության՝ հենց Հայաստանում թաղված հեռանկարները բացվեն, երբ կոռուպցիայի դեմ իրական պայքարը, մրցակցությունն ու իրական տնտեսական ազատությունը տնտեսությունը դարձնեն գրավիչ, և որևէ խոշոր կամ միջին ներդրող հետաքրքրվի այդ տնտեսությամբ:









































