Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում այսօր վերսկսվել են այդ շրջանը Միացյալ Թագավորության կազմում պահելու օգտին հանդես եկող ցուցարարների և ոստիկանների միջև բախումները: Reuters-ի հաղորդմամբ՝ դաժան պայքարի հետևանքով տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել իրավապահ մարմինների 5 աշխատակիցներ:
Պայքարը սկսվել է Բելֆաստի հյուսիսային մասում, երբ ցուցարար երիտասարդները լուսարձակների սյուների վրայից պոկել են Իռլանդիայի եռագույն դրոշները: Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են խանգարել նրանց, ինչի արդյունքում մի քանի անգամ ավելացած խումբը հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա: Ականատեսների վկայությամբ՝ ցուցարարները քարեր ու շշեր են նետել մոտ 100 ոստիկաննների ուղղությամբ: Հաղորդվում է, որ այրվել է մեկ ավտոմեքենա: Քաղաքի հյուսիսում իրավիճակը դեռ լարված է:
Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Բելֆաստի քաղաքային խորհրդի անդամների մեծ մասը քվեարկել է քաղաքապետարանի շենքի վրա Միացյալ Թագավորության դրոշը բարձրացնելու օրերը սահմանափակելու օգտին: Որպես հետևանք՝ մոտ 9 շաբաթ Հյուսիսային Իռլանդիայում շարունակվել են բողոքի զանգվածային ակցիաները, որոնք հաճախ վերածվել են անկարգությունների: