Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը ուրբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը աջակցում է Կոսովոյի մուտքը ԵՄ, սակայն դեռ մտադիր չէ ճանաչել ինքնահռչակ հանրապետությունը:
«Հայտնի է, որ ԵՄ-ում Կոսովոյի կարգավիճակի հարցի շուրջ տարբեր մոտեցումներ կան: Հունաստանի դիրքորոշումը հայտնի է: Բոլորը միակարծիք են, որ Արևմտյան Բալկանների տարածաշրջանը հստակ եվրոպական հեռանկարներ ունի: Կոսովոն պետք է աշխատի Եվրոպայի վերահսկողության ներքո»,- ասել է Ավրամոպուլոսը Կոսովոյի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո:
Ավրամոպուլոսի խոսքերով՝ Հունաստանում կբացվի առևտրական ներկայացուցչություն, ինչը, սակայն, չի ազդի Աթենքի և Պրիշտինայի պաշտոնական հարաբերությունների վրա:
«Ներկա դրությամբ Կոսովոյում ներդրումներ են իրականացրել 76 հունական ընկերություններ: Մենք կցանկանայինք ավելի շատ ընկերությունների տեսնել, նաև կցանկանայինք, որ Կոսովո ներկրվեր հունական ավելի մեծ չափով արտադրանք»,- հայտարարել է Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Հոջայը: