Կոպենհագենի «Նոմա» ռեստորանում, որը 3 տարի շարունակ (2010-2012 թթ.) փորձագետների գնահատմամբ համարվել է լավագույնն աշխարհում, զանգվածային թունավորում է տեղի ունեցել, հայտնումէ ITAR-TASS-ը:
Փետրվարի 12-16-ն ընկած ժամանակահատվածում ռեստորան այցելած 63 մարդ վարակվել է աղիքային ինֆեկցիայով, որի նախանշանները հայտնաբերվել են նաև ռեստորանի՝ մթերքների հետ աշխատող աշխատակիցներից մեկի մոտ:
Դանիայի անասնաբուժական և պարենային վարչությունը հայտնել է, որ բողոքներից հետո ստուգում է անցկացրել: Առայժմ չի հաջողվել պարզել, թե որ ուտեստն է ինֆեկցիայի պատճառ դարձել, քանի որ դրանից հետո շենքերը մի քանի անգամ ախտահանվել են:
Ռեստորանի ղեկավարությունը սուր քննադատության է ենթարկվում, որ հաճախորդներից մեկի՝ սրտխառնոցի բողոքով էլեկտրոնային նամակին ուշադրություն չի դարձրել:
«Նոմա» ռեստորանը բացվել է 2004-ին: Այնտեղ օգտագործվում են միայն սկանդինավյան բնամթերքներ, այն համարվում է «նոր հյուսիսային խոհանոցի» առաջատարը: «Նոմայում» ճաշելն արժե առնվազն 200 եվրո, սեղան պատվիրում են մի քանի ամիս առաջ: