Հայաստանում ստեղծված իրավիճակի տակտիկական զարգացման հնարավորություններին զուգահեռ, դիտարկման ու քննարկման կարիք ունի զարգացման ռազմավարական հեռանկարը: Ռազմավարության իմաստով հարցն ավելի ընդգրկուն է և վերաբերում է Հայաստանի տեսլականին ընդհանրապես:
Ռազմավարական իմաստով խնդիրը հանդիսանում է հանրային, ցրված, ինչ-որ իմաստով ժամանակի մեջ թափառող էներգիան մեկ տարածության մեջ հավաքելը: Սրանով հանդերձ, ընդունված է կամ տարածված ընկալում, որ այդ էներգիայի հավաքագրումը, «կոնսպեկտավորումը» միտված պետք է լինի իշխանափոխության խնդրի լուծման, փոքր խնդիրներից մեծ խնդիրների հետապնդման: Սա ևս ունի ռազմավարական դիտարկման կարիք: Ի վերջո, պետք է հասկանալ, որ գուցե առավել արդյունավետ կլինի, եթե հանրային էներգետիկայի, էներգիայի հավաքագրումն ու «կոնսպեկտավորումը» կատարվի ոչ թե իշխանափոխության, այլ արժեքների, արժեհամակարգի, մտածողության, մշակույթի փոփոխության գաղափարի շուրջ:
Այդպիսով, նոր մտածողության, արժեքների, նոր մշակույթի լոկալ խտացումներ են տեղի ունենում տարբեր առիթներով, հազվադեպ կամ հաճախ, երբեմն մեծ, փոքր կամ միջին ծավալներով: Ռազմավարական խնդիրն է այդ ամենը տարածել, սփռել, «համաչափ զարգացման» տրամաբանությամբ՝ ավելի ու ավելի մոտեցնելով առօրյային: Եվ եթե լոկալ հավաքագրումների պայմաններում իշխանության առաջ, իշխող համակարգի առաջ հնարավոր է լինում դնել համեմատաբար փոքր խնդիրներ, ապա նոր արժեքային «գետտոների» տարածման և փաստացի ընդհանուր համակեցության կանոնի վերածման պայմաններում իրականությունն ինքնին կդառնա պահանջ իշխանության համար, ավելին՝ կդառնա արդեն նոր իշխանության պահանջ:
Խնդիրը իսկապես խորքային է: Հայաստանում այսօր նոր իշխանության պահանջ կա, բայց այդ պահանջը հանրային մտածողության, հանրային գիտակցության գերակշիռ մասի դիտանկյունից զուտ ֆիզիկական է, բովանդակային չէ: Այդ պատճառով էլ իշխանափոխության խնդիրը Հայաստանում ոչ միայն չի մոտենում լուծման, այլ տարեցտարի հեռանում է: Իշխանափոխության խնդիրը լուծման մոտենալու համար ունի հանրային բովանդակային պահանջարկի կարիք: Իսկ դրա համար անհրաժեշտ է հանրային նոր տեսակը, երիտասարդական նոր եռանդը, մտածողությունը, արժեքները, մշակույթը դուրս բերել ժամանակի ու տարածության մեջ կղզիացումից: Դա է ռազմավարական խնդիրը, որ ուրվագծվում է այսօր, որ ուրվագծվում էր երեկ Կարապի լիճ Քանյե Ուեսթի ցատկից, որ ուրվագծվում էր SOAD-ի համերգին հորդառատ անձրևի ներքո:
Տեսնում ենք հանրային էներգետիկայի, նոր որակների, լուսավոր երիտասարդության բազում դրսևորումներ տարբեր մասշտաբի և բնույթի իրադարձություններում, որի տեսակարար կշիռը, սակայն, խիստ իրավիճակային է, որը պետք է առօրեականացնել: Դա Հայաստանի համար զարգացման և անվտանգության ռազմավարության հրամայական է, որը պետք է առաջին հերթին հուզեր պետության իշխանությանը, եթե իշխանությունն ինքն ունենար այլ որակներ, այլ տեսլական, նպատակներ, երազանքներ: Մինչդեռ երիտասարդության նոր որակն իշխանությանը հետաքրքիր է անմեղ իրավիճակներում, որը հնարավոր է անգամ սեփական քարոզչությանը ծառայեցնել, ինչպես 100-րդ տարելիցի միջոցառումներին: Իսկ երբ բնույթը փոխվում է և ստանում իրավական պահանջներ, իշխանությունը այդ երիտասարդությանը դիտում է ոստիկանական սաղավարտների և վահանների արանքից:
Համենայնդեպս, երիտասարդների շարժմանը, քաղաքացիական շարժմանը Հայաստանի իշխանության մինչ այժմ տված արձագանքում աչք է ծակում ադեկվատության բացակայությունը: Թույլ մխիթարություն է այն, որ բռնության կիրառման մեկ փորձից հետո, իշխանությունը հրաժարվեց այդ տարբերակից: Բայց չբռնանալը Հայաստանի համար այլևս, մեղմ ասած, բավարար ելք չէ, ողջունելի, սակայն խիստ նվազ քայլ է: Հայաստանի ռեսուրսը պահանջում է հնարավորությունների դաշտի ապահովում, որը Հայաստանը կօժտի կենսունակության ու մրցունակության ահռելի պոտենցիալով:
Այս տեսանկյունից, Բաղրամյան պողոտայում Հայաստանն ապրեց իր անկախության տարեգրության ամենամեծ կոնտրաստներից մեկը, երբ մայրաքաղաքի մի փոքր հատվածում չափազանց վառ կերպով արտահայտվեցին Հայաստանի հսկայական, անգնահատելի ռեսուրսի առկայությունը և Հայաստանի զարգացման ու այդ ռեսուրսի լիարժեք, ստեղծագործական ինքնադրսևորման ճանապարհին դրված մեծ քարը:










































