«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ` օգոստոսին Վրաստանում բացվելու է ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոն: Այն իրենից ներկայացնելու է «կենտրոնների համալիր», որը կմիավորի մի քանի ուսումնատակտիկական շրջան:
Խոսքը Թբիլիսիից հարավ ընկած Կրցանիսիի ազգային ուսումնական կենտրոնի և Վրաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող «Վազիանի» ռազմաբազայի օբյեկտների մասին է` ներառյալ տակտիկական դաշտն ու հրաձգարանը:
Այդ մասին հայտարարել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն: Նրա խոսքերով` տվյալ որոշումն ընդունվել է ՆԱՏՕ-ի փորձագետների հետ համատեղ:
Կապանձեն ընդգծել է, որ մի քանի օբյեկտներում կենտրոնի գտնվելը հնարավորություն կտա անցկացնել մեծ թվով զորավարժություններ, ինչպես նաև դրանք դարձնել ավելի բազմակողմ: Ըստ Կապանաձեի՝ Վրաստանում գոյություն ունեն բնական պայմաններ, ինչը տալիս է տարբեր իրավիճակներում ու ռելիեֆների մոդելավորման հնարավորություն, ինչի համար էլ որոշվել է ընդլայնել կենտրոնը և մեկ օբյեկտի փոխարեն ստեղծել ուսումնական կենտրոնների համալիր, որը տալիս է առավել բազմատեսակ վարժանքներ անցկացնելու հնարավորություններ:
Կապանաձեն հաստատել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը օգոստոսին կայցելի Վրաստան և կմասնակցի ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոնի բացմանը: Այդ կենտրոնի բացումը նախատեսված է նախորդ տարվա սեպտեմբերին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ընդունված նոր փաթեթով:
Կենտրոնի բացման հետ կապված` վրացի փորձագետները կանխատեսում են Մոսկվայի արձագանքի երկու տարբեր սցենարներ: Վրացական Անվտանգության ու միջազգային հարաբերությունների հետազոտման կենտրոնի ղեկավար Նիկա Չիտաձեն կարծում է, որ երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուսումնամարզական կենտրոնի տեղակայումը կնպաստի կայունության ամրանդմանը Վրաստանում և ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը:
Նա, հաշվի առնելով արևելյան ուղղությամբ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնման կապակցությամբ Ռուսաստանի դժգոհությունը, հնարավոր է համարում գործողությունների երկու սցենար:
Չիտաձեն կարծում է, որ դրանցից մեկի դեպքում Ռուսաստանն ագրեսիվ ձևով կարձագանքի Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնի տեղակայմանը և ելնելով դրանից` հետագա ապակայունացնող գործողություններ կձեռնարկի Վրաստանում, այդ թվում՝ նաև օկուպացված տարածքներում:
Չիտաձեն հայտարարել է, որ Մոսկվան գործի կդնի ճնշման իր լծակներն ինչպես Թբիլիսիի, այնպես էլ Բրյուսելի վրա` հուսալով, որ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ կարող են դեմ արտահայտվել Վրաստանի անդամակցությանը` չցանկանալով ներքաշվել Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հակամարտությանը: Նիկա Չիտաձեն առավել հավանական է համարում երկրորդ սցենարը, որ Կրեմլն ամեն դեպքում ստիպված կլինի հաշտվել Վրաստանի կատարած ընտրության հետ և հաշվի առնել Վրաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը:
Նման կարծիքի է նաև վրացական Պետական կառավարման ինստիտուտի պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեն. «Ներկա փուլում Ռուսաստանը կարող է ազդել միայն պառակտված հասարակությամբ թույլ երկրների վրա: Վրացի հասարակությունն այդ առումով միասնական է երկրի կուրսի հարցում և վաղուց է կատարել իր ընտրությունը` հօգուտ եվրաինտեգրման: ՆԱՏՕ-ի հետ առավել ինտենսիվ կապեր ունենալու դեպքում մենք կլինենք ավելի ուժեղ և ավելի պաշտպանված, հետևաբար նվազագույնի կհասցնենք այն բանի հավանականությունը, որ Ռուսաստանից կբխի ագրեսիա»:









































