«Սթարմուս» փառատոնի տնօրեն, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հաջորդ տարի կանցկացվի «Սթարմուս»՝ արդեն երրորդ փառատոնը:
«Արդեն երկու անգամ անկացրել ենք այդ փառատոնը՝ 2011 և 2014 թվականներին, երկուսն էր Կանարյան կղզիներում: Առաջինը նվիրված էր Գագարինի թռիչքի 50-ամյակին և շատ հզոր փառատոն էր», ասաց աստղաֆիզիկոսը:
Նրա խոսքերով՝ ոչ ոք չէր սպասում, որ փառատոնին այդպիսի հեղինակություններ կմասնակցեն. «Մենք շատ էինք հոգնել փառատոնից հետո, վստահ չէինք, որ նորից կանենք, բայց աստղագիտության շատ սիրահարներ, Կանարյան կղզիների ղեկավարությունը խնդրեցին, որ նորից անենք»,- մանրամասնեց նա:
Իսրայելյանն ընդգծեց, որ Կանարյան կղզիների կառավարությունը խոստովանել է, որ այդ փառատոնը կղզիներին բերեց մոտ 170 մլն եվրոյի գովազդ:
Ինչ վերաբերում է Հայաստանում նմանատիպ փառատոնի անցկացմանը, Գարիկ Իրայելյանն ասաց. «Չեմ մտածել այդ մասին։ 2 տարի առաջ մտածում էինք նման մի բան անել՝ մեր հին աստղադիտարանների թեմայով հետաքրքիր մի բան: Բայց խնդիրն այն է, որ ես միշտ ամբիցիոզ բաներ եմ ուզում, իսկ դրանք բավականին թանկ են։ Հայաստանում հովանավորներ չկան»,- եզրափակեց նա:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:










































