Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքների մասին քանիցս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բարձրաձայնել է ՀՀԿ-ական պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի սեփականատեր Հակոբ Հակոբյանը:
Այսօր էլ մեզ հետ զրույցում ասաց, որ բավարար է համարում Սերժ Սարգսյանի այն որոշումը, որ մինչև ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի ավարտը սակագնի բարձրացված 7 դրամի բեռը կհոգա կառավարությունը: Իսկ թե ինչ կլինի աուդիտի ավարտից հետո, պատգամավորը ոչ լավատեսական կանխատեսում արեց. «Կարծում եմ՝ կբարձրանա»:
Հարցին, թե ինքն ինչ սպասելիք ունի աուդիտի ավարտից հետո, պատասխանեց. «Աուդիտից հետո ամեն ինչ կպարզվի: Բայց ես կարծում եմ, որ հոսանքը կթանկանա, իմ կարծիքն եմ ասում, ոչ թե ցանկությունը: Լինելով գործարարությանը մոտ կանգնած մարդ՝ կարծում եմ, որ կթանկանա: Բնականաբար ժամանակավոր լուծում է հիմա, և կառավարությունը չի կարող այդ 7 դրամը երկար ժամանակ հոգալ: Ես չեմ կարող կառավարության փոխարեն պատասխանել, բայց իմ կարծիքն եմ ասում»,-նշեց պատգամավորը:
Պատգամավորից հետաքրքրվեցինք նաև «Կիլիկիա» ընկերության և հարկային մարմինների միջև դատական գործի ընթացքով: Հակոբյանն ասաց, որ գործը դեռ ընթացքի մեջ է, նորություն չկա:
Հիշեցնենք, որ անցած տարի հարկային մարմինները ստուգումների արդյունքում ընկերությանը տուգանել են 1․5 միլիոն դոլարով, ինչը ընկերությունը անհիմն է համարում:









































