Իտալական AMBI Group կինոընկերությունը հայտնել է այն մասին, որ պայմանավորվել է ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի ժառանգների հետ՝ ստեղծելու նրա դասական «Քաղցր կյանք» (1960) ֆիլմի ռիմեյքը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ինչպես հայտնել է ռեժիսորի զարմուհի Ֆրանչեսկա Ֆելինին, իր ընտանիքը բազմիցս նման առաջարկներ է ստացել, սակայն հավանության է արժանացել միայն AMBI նախագիծը, քանի որ պրոդյուսերներն առաջարկել են «ֆիլմի գեղեցիկ, ժամանակակից տարբերակ»։
AMBI-ի ներկայացուցչի խոսքով՝ չնայած նոր ֆիլմում կպատմվի ժամանակակից պատմություն, դրանում կլինեն «բոլոր տարրերը, որոնք դարձրել են «Քաղցր կյանքը» իսկական դասական»։
Թե ով կլինի ռեժիսորը և ովքեր հանդես կգան գլխավոր դերերով՝ դեռևս չի հաղորդվում։
«Քաղցր կյանք» ֆիլմը վարձույթ է դուրս եկել 1960 թվականին և դարձել Կաննի 13-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակակիրը։ Ֆիլմը համարվում է Ֆելինիի ստեղծագործական բարձունքներից մեկը։




































