Հոլիվուդյան դերասան Թոմաս Սելեքը մեղադրվում է կալիֆոռնիացի հրշեջներից ջուր գողանալու համար: Սելեքը Կալիֆոռնիայի հարավում խոշոր ռանչո ունի, որտեղ ապրում է ընտանիքի հետ և աննախադեպ երաշտի պատճառով որոշել է իր կարիքների համար ջուր վերցնել հրշեջ հիդրանտից: Այս մասին հայտնում է Los Angeles Times թերթը:
Հաղորդվում է, որ դերասանի դեմ հայց է ներկայացվել Վենտուրա մարզի գերագույն դատարան: «2013 թվականից սկսած՝ Սելեքը «Հազար կաղնի» վայրում գտնվող հիդրանտից հսկայական քանակությամբ ջուր է քաշել,- պարբերականը մեջբերում է փաստաթուղթը:- Դրա համար նա ցիստեռնով բեռնատար է օգտագործել: Շատ վկաներ հաճախ տեսել են, թե այդ բեռնատարն ինչպես է հավաքել հրշեջների համար նախատեսված ջուրը»:
Հետո ջուրն օգտագործվել է Սելեքի ռանչոյում, պնդում են մեղադրողները:
Հայցը ներկայացրել է Calleguas Municipal Water District գործակալությունը, որն իրականացնում է Վենտուրա մարզի տարածքում մաքուր ջրի օգտագործման մոնիթորինգ:
NBC հեռուստաալիքը նշում է, որ գործակալությունը հատուկ դետեկտիվ է վարձել Սելեքի հասարակական հիդրանտից ջուր հավաքելուն առնչվող գործողություններին հետևելու համար: Հայցում դերասանից պահանջվում է նաև այդ գործակալի վրա 22 000 դոլար ծախսերի փոխհատուցում:




































