Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի հետ։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Պետդումայի պաշտոնական կայքին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ռուս-վրացական երկխոսությանն առնչվող հարցեր, այդ թվում նաև՝ միջխորհրդարանական, միջկուսակցական ու հասարակական կապերը։ Բուրջանաձեն Մոսկվայում է գտնվում Նարիշկինի հրավերով, որտեղ նա այսօր կմասնակցի «21-րդ դարի միջազգային-իրավական հրատապ խնդիրները» խորագրով «կլոր սեղանին»։
Բուրջանաձեն «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հույս է հայտնել, որ Վրաստանում ավելի շատ մարդիկ կհասկանան Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ պետք է կարգավորել հարաբերությունները. «Թբիլիսիում հասկանում են, որ Վրաստանի համար կենսական կարևորություն ունի Ռուսաստանի հետ նորմալ, կառուցողական հարաբերությունների հաստատումը, որպեսզի խոսենք այն խնդիրների շուրջ, որոնք մտահոգում են Վրաստանին, և որոնք կարևոր են ռուս-վրացական հարաբերությունների համար»։
Հիշեցնենք. Մոսկվա մեկնելուց առաջ Բուրջանաձեն հայտարարել էր, որ պատրաստվում է Մոսկվայում քննարկել Վրաստանի համար «ցավոտ հարցեր»։









































