Հունաստանի իշխանությունները վարկատուներին են փոխանցել բարեփոխումների նոր ծրագիր, որոնք, նրանց կարծիքով, կօգնեն կայունացնել երկրում տնտեսական իրավիճակը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Եվրախմբում հաստատել են փաստաթղթերի ստացումը։ Այսպիսով՝ Հունաստանը հասցրել է ներկայացնել իր առաջարկները մինչև վերջնաժամկետը՝ կեսգիշեր։
Եթե վարկատուները հավանություն տան նոր նախագծին, Հունաստանը կարող է ֆինանսական օգնության հերթական տրանշը ստանալ, որն անհրաժեշտ է իրեն պետպարտքը սպասարկել կարողանալու համար։
Հակառակ դեպքում ԵՄ գագաթնաժողովին, որը ծրագրված է հուլիսի 12-ին, կդրվի եվրոգոտուց Հունաստանի բացառման հարցը։
Հունաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ բարեփոխումների նոր ծրագիրը բյուջե կբերի մոտ 12 մլրդ եվրո։ Այն նախատեսում է մի շարք հարկերի, այդ թվում՝ շահութահարկի բարձրացում, պաշտպանական ծախսերի կրճատում և այլն։








































