Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում մահացել է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրի պատմության մեջ իրականացված ամենաարյունալի ռազմական հեղաշրջման կազմակերպիչ Թահսին Շահինքայան, ով հեղաշրջման ժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարն էր:
Այս տարվա մայիսին էլ մահացել էր 1980 թվականի ռազմական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ Քենան Էվրենը, ով հեղաշրջման ժամանակ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն էր և հեղաշրջման արդյունքում 1982 թվականին դարձավ Թուրքիայի միակ նախագահը, որին չեն ընտրել ո՛չ երկրի խորհրդարանը, ո՛չ էլ ժողովուրդը:
2014 թվականի հունիսին թուրքական դատարանը Քենան Էվրենին, ինչպես նաև Թահսին Շահինքայային մեղավոր ճանաչեց ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ և նրանց դատապարտեց ցմահ ազատազրկման:
Ռազմական հեղաշրջման մյուս կազմակերպիչները վաղուց մահացել են: 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո` 1982 թվականին, Թուրքիայում ընդունվեց «ռազմական սահմանադրություն», որը գործում է ցայսօր՝ չնայած ընթացքում կատարված որոշակի փոփոխություններին:








































