«Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսն իր կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և հարձակվող Լիոնել Մեսսիի`նախորդ մրցաշրջանի ընթացքում տեղի ունեցած կոնֆլիկտի մասին: Բրազիլացի ֆուտբոլիստը դիտարկում է միջադեպի դրական կողմերը:
«Վեճերը երբեմն ծագում են գործն ավելի լավ կատարելու ցանկության պատճառով: Լուիս Էնրիկեի և Լիոնել Մեսսիի հարաբերություններում լարվածություն էր զգացվում, բայց այն պայմանավորված էր պայքարի ոգով:
Մարզման դրվագներից մեկը Լուիս Էնրիկեն իր ձևով էր մեկնաբանում, իսկ Մեսսին այլ կարծիք ուներ: Լեոն միշտ ձգտում է պայքարի և չի ցանկանում պարտվել: Նրա թիմը պարտվեց, և գլխավոր մարզչի ու հարձակվողի միջև կոնֆլիկտ հասունացավ: Յուրաքանչյուրն իր բնավորությունն ունի, սակայն մենք նույն նպատակն ենք հետապնդում: Իսկ վեճեր լինում են անգամ լավագույն ընտանիքներում»,-Bola da Vez-ը մեջբերում է Դանի Ալվեսի խոսքերը:



































