Ազատության հրապարակում արդեն երրորդ օրը հացադուլի մեջ գտնվող Դավիթ Սանասարյանը քիչ առաջ ահազանգեց, որ ոստիկաններն ու թաղային հեղինակությունները տարբեր միջոցներով սպառնում են ցուցարարներին՝ արգելելով մասնակցել Ազատության հրապարակի ցույցին:
«Այս երկու օրերի ընթացքում սպառնալիքներ կան պայքարող քաղաքացիների նկատմամբ, ոստիկանները, թաղային հեղինակությունները կարողացել են մի քանի տասնյակ քաղաքացիների հետ պահել պայքարից: Ես ուղիղ դիմում եմ ոստիկանապետին ու պատասխանատուներին, որ իրենց բռնած ճանապարհը սխալ է, մի քանի տասնյակ քաղաքացիների կարող են հետ պահել, բայց ոչ՝ մեզ»,- ասել է Դավիթ Սանասարյանը:
«Առաջին լրատվական»-ը Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչպես են արձագանքելու Սանասարյանի հնչեցրած ահազանգին, պատրաստվո՞ւմ են գտնել և պատժել թաղային հեղինակություններին ու լիազորությունները գերազանցած ոստիկաններին:
«Ես գտնում եմ, որ նման հայտարարությունը անհեթեթություն է, կարծում եմ՝ նախ թաղային հեղինակություն ասվածը այսօր ընդհանրապես երկրում և մայրաքաղաքում գոյություն չունի: Այդպիսի արտահայտություններով իրենք փորձում են դիվիդենդներ ձեռք բերել: Էնքան անհեթեթ խնդիր է, որ ամոթ էլ է դրան արձագանքելը»,- ասաց Երևանի ոստիկանապետը։
Մեր դիտարկմանը՝ եթե կոնկրետ սպառնալիքներ ստացած քաղաքացիները դիմեն իրենց, ընթացք կտա՞ն բողոքին, պատասխանեց. «Սպառնալիքով կարանք հաղորդումներ ընդունել և այլն, բայց չեմ կարծում, որ նման բան եղել է. եթե կա, թող դիմեն։ Ինչ վերաբերում է ոստիկաններին, ոստիկանությունը իրա գործառույթով է զբաղված, իրանց վերաբերյալ ասածն էլ անհեթեթություն եմ համարում»,- ասաց Աշոտ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 16-ին, Ազատության հրապարակում կանցկացվի ցույց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ՀԾԿՀ հունիսի 17-ի որոշման:







































