Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ընտրողների առջև ելույթ ունենալով Այովա նահանգում՝ հայտարարել է, որ ցանցահենային հարձակումների սպառնալիքը չի սահմանափակվում Չինաստանով և գալիս է մի քանի երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ոչ միայն չինացիներն են հարձակումներ իրականացնում: Մենք գիտենք, որ այլ երկրների՝ Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի կառավարությունները ուղղակի և անուղղակի կերպով հովանավորել են ցանցահեններին: Մենք նաև շատ անհանգստացած ենք այդ տեխնոլոգիաների նկատմամբ ահաբեկչական կազմակերպությունների հասանելիության հնարավորությամբ»,- ասել է Քլինթոնը:
Նրա խոսքով՝ ինչպես ԱՄՆ կառավարությունը, այնպես էլ քաղաքացիները պետք է հասկանան, որ տեղեկատվության գողությունը լուրջ սպառնալիք է, և այդ խնդրի լուծմանը պետք է հատուկ ուշադրություն դարձնել:









































