Դեմոկրատների կրած պարտությունները ավելի շատ հետևանք էին տնտեսության մեջ առկա խնդիրների, քան այդ կուսակցության ընդհանուր քաղաքականության հանդեպ բացասական վերաբերմունքի: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, կիրակի այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա ընդգծել է, որ այս ընտրությունները նախևառաջ տնտեսության վերաբերյալ հանրաքվե էին, այլ ոչ թե իր քաղաքական օրակարգի մերժում ընտրողների կողմից, ինչպես պնդում են հանրապետականները:
«Իշխանությունը ստանձնած կուսակցությունը պատասխանատվություն է կրում երկրի տնտեսության համար, որը դեռևս չի ապաքինվել, և որի պատճառով բազմաթիվ մարդիկ շարունակում են վնասներ կրել»,- CBS հեռուստաընկերության ծրագրերից մեկին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Օբաման: