Արևմտյան Լոնդոնի Kensal Green գերեզմանատնից անհետացել է հուշատախտակը, որի տեղադրման վայրում ցրված է երգիչ Ֆրեդի Մերկուրիի աճյունափոշին: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Queen խմբի երկրպագուների կարծիքով՝ այն, հնարավոր է, տարել է Մերկուրիի սիրուհին՝ Մերի Օսթինը, որը, ինչպես ենթադրվում է, ցուցատախտակը տեղադրել է 1991 թվականին ՝ երգչի մահից հետո:
Վայրը, որտեղ ցրված է եղել վոկալիստի աճյունափոշին, անհայտ է եղել մինչև 2013-ի փետրվար: Այդ ժամանակ երկրպագուները Kensal Green-ում նկատել էին հուշատախտակը, որի վրա գրված էր՝ «Սիրով Ֆարուխ Բուլսարայի հիշատակին» (In Loving Memory of Farrokh Bulsara): Հիշեցնենք, որ դա Մերկուրիի իրական անուն-ազգանունն է: Դրա վրա ֆրանսերեն գրված էր նաև՝ «Որպեսզի հավերժ քեզ հետ լինեմ իմ ողջ սիրով»:
Հուշատախտակի վրա քանդակված է եղել նաև М տառը, որը, ինչպես ենթադրում էին երկրպագուները, խոսում էր այն մասին, որ հուշատախտակը պատրաստել է Մերի Օսթինը:
Նախկինում ենթադրվում էր, որ նա Մերկուրիի դիակիզումից հետո ստացել է նրա աճյունափոշին, սակայն Օսթինը երբեք չի հաղորդել, թե որտեղ է այն թաղել:
Երկրպագուները սկսել են հուշատախտակի որոնման աշխատանքները: